«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծ
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռնել հնարավորություն հավելյալ անձնակազմ ներգրավելու, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ ընձեռնել հնարավորություն գործնական պրակտիկա ձեռք բերել բարձր տեխնոլոգիական ոլորտում:
«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագծի շրջանակներում շուրջ 100 փորձնակի հնարավորւթյուն է ընձեռվում անցնել գործնական պրակտիկա առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններում, իսկ հետագայում շուրջ 50-ը տվյալ կազմակերպություններում կանցնեն աշխատանքի:
Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել և աշխատել կազմակերպություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և ոլորտային հմտություններ:
Պետությունը յուրաքանչյուր փորձնակի հաշվարկով կազմակերպությանը սույն Ծրագրի շրջանակներում տրամադրում է գումար՝ ամսական Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով` ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:
Գործնական պրակտիկայի ավարտին կազմակերպությունները կապահովեն ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը և կհամապատասխանեն կազմակերպության ընտրության չափանիշներին:
Դրամաշնորհային ծրագրին կարող են մասնակցել՝
- Բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակներ․
- ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։
Յուրաքանչյուր փորձնակի համար գործնական պրակտիկայի ընդհանուր տևողությունը սահմանվում է 6 ամիս։