Ծրագրի Մասին
«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիր
Ծրագիրը ստեղծվել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ ոլորտի շուկայի և ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև, ներկայումս պահանջարկ ունեցող և ապագայում հնարավոր զարգացում ակնկալող մասնագիտությունների վերհանման հիման վրա: Սահմանվել են հետևյալ հիմնախնդիրները․
- Բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտի շուկայում առկա են բազմաթիվ սկսնակ և միջին մակարդակի մասնագետների պահանջարկ, միևնույն ժամանակ՝ ոլորտային կազմակերպությունների անընդհատ աճող թափուր աշխատողների և որակյալ մասնագետների պահանջարկ
- Համավարակի հետևանքով բազմաթիվ ոլորտներ կտրուկ անցում են կատարում թվայնացման աշխարհ՝ արդյունքում շատ աշխատողներ համապատասխան գիտելիքներ չունենալու և գործիքներին չտիրապետելու հետևանքով մնում են առանց աշխատանքի:
Ծրագրի նպատակը
«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը նախատեսում է.
- Ստեղծել ոլորտի ընկերությունների և ԲՈՒՀ-երի միջև կանոնավոր երկխոսության հարթակներ, ուսումնասիրել տեխնոլոգիական ոլորտում մասնագետների վերապատրաստման կարիքները, մշակել կադրերի վերապատրաստման համապատասխան ծրագրեր և իրականացնել վերապատրաստման դասընթացներ:
- Նպաստել հանրապետությունում ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցությանը:
- Երևանում, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում կրթել համապատասխան հմտությունների տրապետող մասնագետներ
- Ապակենտրոնացնել ԲՏ ոլորտում վերապատրաստված մասնագետների կենտրոնացումը մայրաքաղաքում` նպաստելով Երևանի ու մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը:
- Կորոնավիրուսի հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար` ուսումնասիրելով տեխնոլոգիական ոլորտում մասնագետների վերապատրաստման կարիքները, մշակելով կադրերի վերապատրաստման համապատասխան ծրագրեր և իրականացնելով վերապատրաստման դասընթացներ:
Ծրագրի իրականացում
Ծրագիրը իր նպատակներին հասնելու համար նախատեսում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի 5000 և ավելի սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված հեռավար դասընթացներ՝ ընդգրկելով մայրաքաղաք Երևանը, ՀՀ բոլոր մարզերը և Արցախի Հանրապետությունը: Սա իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրի բաղադրիչներ
1. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի իրականացում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2000 մասնակցի համար անվճար հիմունքներով իրականացվում է «Ծրագրավորման հիմունքներ» առցանց դասընթաց:
Ծրագրի նպատակն է՝ կորոնավիրուսի հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել միջոց համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Դասընթացը նախատեսված է 18 տարին լրացած այն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ՀՀ քաղաքացիների համար, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Ընդհանուր մասնակիցների քանակի 30%-ը ներգրաված է լինելու ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից։
Դասընթացի մասնակիցները կստանան ծրագրավորման հիմունքների խորը գիտելիքներ, կծանոթանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներին, կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն դիմորդի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողությունը և մասնագիտական հետաքրքրասիրությունը: Ուսուցման ավարտին մասնակիցները կտիրապետեն ծրագրավորման հիմունքներին, կզարգացնեն տրամաբանությունը և կկարողանան անել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում։
2. Թիրախավորված հեռավար ուսուցման իրականացում
Պետության համաֆինանսավորմամբ մինչև 2020թ․ ավարտն իրականացվելու է 17 տարբեր տեխնոլոգիական մասնագիտություններով սկսնակ և միջին մակարդակների առցանց դասընթացներ, որը նախատեսված է լինելու ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող ավելի քան 3000 մասնակցի համար։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և ԱՀ֊ում բնակվող ՀՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և ԱՀ֊ից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Ուսանողները
- Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
- ԲՏ ոլորտի սկսնակները
- ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
- Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացները իրականացվելու են համաֆինանսավորմամբ․ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (Երևան՝ դասընթացի արժեքի 10%-80%, ՀՀ մարզեր և ԱՀ՝ դասընթացի արժեքի 30%-90%):
ՇՏԱՊԻ՛Ր ԳՐԱՆՑՎԵԼ ԵՎ ՈՒՆԵՑԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ:
Դասընթացի ընդունելության կարգին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով: