Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`
- ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ
- հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ
- ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ
- զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Նախապատվությունը տրվելու է և առաջնային դիտարկվելու են ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական հարցեր)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 60% և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 50% և ավելի միավորը:
«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացները իրականացվելու են մինչև տարվա վերջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հնարավորություն տալ 2000 մասնակցի տեխնոլոգիական կրթություն ստանալ:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայք www.edu2020.am
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն