ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Skill» ընկերությունը Երևանի և մարզերի 280 մասնակցների համար համաֆինանսավորմամբ իրականացրեց «Digital Marketing (SMM, SEO)» սկսնակ մակարդակի դասընթացներ:
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ ավարտական միջոցառումը, որին ներկա էին ծրագրի կազմակերպիչները, դասընթացավարները, շրջանավարտները:
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը շնորհավորեց ներկաներին դասընթացի ավարտի կապակցությամբ, ընդգծեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և մարտ ամսին արդեն կհայտարարվեն 2021 թվականի ծրագրի ուղղությունները: Նախարարի տեղակալը նաև հաջողություն մաղթեց դասընթացն ավարտած ուսանողներին, խորհուրդ տվեց լինել նպատակասլաց, նորարար ու համարձակ. «Սա առաջին քայլն է, պետք է սովորել, պետք է առաջ գնալ, պետք է նպատակ դնել ու հասնել դրան։ Երբ կա նպատակ՝ հաջողությունը երաշխավորված է։ Համոզված եմ, որ շատերդ հաջողելու եք»,- ասաց Վիկտորիա Պողոսյանը։
Skill-ի տնօրեն Նելլի Մարաբյանը ևս շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ժյուրիի անդամներին, դասընթացավարներին և շրջանավարտներին՝ նման ծրագիր նախաձեռնելու և իրականացնելու համար։
Ժյուրիի անդամ՝ Mentor a Simens Business ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանն էլ ընդգծեց, որ շատ կարևոր է պետության դերակատարությունը նման ծրագրերին օժանդակելու հարցում։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ բացի նախարարության ներկայացուցիչներից գործընթացում ներգրավված էին նաև ոլորտի մասնագետներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ավելի ճիշտ գնահատել մրցակցող կազմակերպություններին։
Միջոցառման շրջանակում ծրագրի վերջին փուլի դասընթացների մասնակիցները ստացան ավարտական հավաստագրեր, կիսվեցին իրենց հաջողության պատմություններով։
Միջոցառումն ավարտվեց «Թվային աշխարհի մարտահրավերները. խորհուրդներ սկսնակներին» պանելային քննարկմամբ, որին մասնակցում էին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, ծրագրի SMM դասընթացավար Սամվել Մարտիրոսյանը, SEO դասընթացավար Գոռ Կարապետյանը, հրավիրված խոսնակներ Տիգրան Մկրտչյանը և Սերգեյ Ուսնունցը։