ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբերանվտանգություն» դասընթացը:
Մարտի 17-ին դասընթացի 110 շրջանավարտներն ավարտական հավաստագրեր ստացան: Նրանց 59 տոկոսն է Երևանից, մյուսները ՀՀ մարզերից են և Արցախից:
Նախարարության ծրագրերի վարչության պետ Անահիտ Սարգսյանը, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, կարևորեց, որ դասընթացին մասնակցել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոսներ, ովքեր իրենց ուսուցողական ծրագրում ներառելու են հատվածներ այս ծրագրից:
Անահիտ Սարգսյանն ընդգծեց, որ կիբերանվտանգությունն առաջնային ուղղություն է նախարարության համար, և նախատեսվում է դասընթացները շարունակել նաև 2021 թվականին:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ժյուրիի անդամներին, դասընթացավարներին և շրջանավարտներին։ Նա նշեց, որ ստացած գիտելիքները հնարավորություն կտան շրջանավարտներին աշխատել տարբեր ոլորտներում՝ կարևոր դերակատարություն ունենալով երկրի անվտանգության պահպանության գործում։
«Կիբերանվտանգություն» դասընթացը նախատեսված էր 125 մասնակիցների համար, սակայն՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և մասնակցության հայտերի բարձր քանակը, ծրագրում ընդգրկվել են 150 ուսանողներ, որոնցից 110-ը բարեհաջող ավարտեցին ուսումնական շրջափուլը՝ ստանալով նոր մասնագիտացում: